«Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցները Կ. Քոչարյանի կողմից առաջարկվող ռեալիթի շոուի գաղափարի, ձևաչափին իրենց մասնակցության մասին
PoliticsԻնչպես արդեն տեղեկացրել էինք, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը օրեր առաջ հանդես էր եկել բավական հետաքրքիր առաջարկով: Նա Սահմանադրական փոփոխություններին «Այո» եւ «Ոչ» ասող թեւերին տրամադրում է հեռուստատեսային անվճար հարթակ՝ 20-22 օր 10-12 ժամ տևողությամբ, որպեսզի վերջիններս կարողանան քարոզարշավի շջանակներում բացատրել եւ հիմնավորել Հայաստանի տարբեր մարզերում գտնվող ՀՀ քաղաքացիներին իրենց դիրքորոշումը, ներկայացնել սահմանադրական փոփոխությունների դրական ու բացասական կողմերն ու հետեւանքները:
Այսօր Orer.am-ը վերը նշված առաջարկի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ: ՀՀԿ պատգամավորը, ողջունելով քաղտեխնոլոգի առաջարկը, նշեց. «Ես ողջունում եմ նմանատիպ հաղորդումներն ու ծրագրերը, քանի որ կարծում եմ, որ ժամանակն է թարմություն մտցնել նաեւ քարոզարշավի ոճի եւ մեխանիզմների մեջ: Համարում եմ, որ ժողովրդին էլ հետաքրքիր կլինի այս առաջարկը, որի միջոցով էլ նրանք կկարողանան կողմնորոշվել սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Պարզապես ամեն ինչ պետք է ճիշտ կազմակերպվի: Կարծում եմ, որ 20-22 օր նույն մարդիկ չպետք է մասնակցեն ծրագրին, կարծում եմ, որ քաղաքական գործիչներն ընթացքում պետք է փոխվեն, իսկ gաղափարն ու իրագործման ձեւը մնա նույնը»:
Կարինե Աճեմյանը հավելեց, որ իրեն դեռ ոչ ոք չի առաջարկել մասնակցել ռեալիթի շոուին, սակայն առաջարկի դեպքում կհամաձայնի, քանի որ քարոզարշավի նոր ձեւերն ու մեթոդներն իր համար «շատ ընդունելի են»: «Եթե երկու կողմի քաղաքական գործիչները որոշակի ասելիք ունեն եւ այդ ոճի մեջ կարող են դրսեւորվել, ապա համարում եմ, որ դա շատ դրական կազդի քարոզարշավի արդյունքների վրա»,- ասաց նա:
Սահմանադրական փոփոխություններին «Ո՛չ» ասող Սոս Գիմիշյանն էլ զրույցի ընթացքում հայտնեց, որ այսօր իրենք ինֆորմացիոն հարթակում որոշակի բլոկադայի մեջ են: «Ընդհանուր առմամբ, ողջունում եմ այդ առաջարկը: Ինքս չեմ կարող այդքան օր բացակայել իմ աշխատանքից՝ բաց թողնելով դասախոսությունները: Եթե մասնակցությունը լիներ մեկ կամ երկու օրով, ապա մեծ հաճույքով կմասնակցեի, քանի որ շատ եմ կարեւորում քարոզարշավի նման ֆորմատը: Մենք այսօր ինֆորմացիոն որոշակի սահմանափակումների մեջ ենք հայտնվել, այդ իսկ պատճառով սիրով կմասնակցեի»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Սոսե Չանդոյան