PKK-ն հայտարարել է զինադադարը վերացնելու մասին
International newsՔուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) նոյեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիայի իշխանությունների հետ միակողմանի զինադադարը վերացնելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, PKK-ի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ «կրակի միակողմանի դադարեցմանը վերջ է տրվել թուրքական իշխող կուսակցության ռազմական քաղաքականության եւ վերջին գրոհների պատճառով»:
PKK-ն միակողմանի զինադադար էր հայտարարել Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ` հոկտեմբերի 10-ին:
«Քրդական համայնքների խորհուրդ» (KCK ) կազմակերպությունը, որը հանդիսանում է PKK-ի քաղաքային թեւը, այդ առնչությամբ տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չեղարկել է քրդական խնդրի կարգավորման «Դոլմաբահչեի համաձայնությունը»:
«Միակողմանի զինադադարին վերջ է տրվել ԱԶԿ-ի պատերազմի քաղաքականության եւ իրականացրած հարձակումների պատճառով», -ասվում է հայտարարության մեջ:
«Նոյեմբերի 7-ի ընտրություններից հետո ԱԶԿ-ը հայտարարեց, որ շարունակելու է լինել պատերազմի կառավարություն: Ոչ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ոչ Թուրքիայի որոշ շրջանակներն ու արտաքին ուժերը բախումների մթնոլորտ չեն ցանկանում: Մենք մշտապես հայտարարել ենք երկկողմանի զինադադարի պատրաստ լինելու մասին: Սակայն, ինչպես հնարավոր չէ ԱԶԿ-ի առկա քաղաքականության մթնոլորտում չշարունակել գործողությունները, այնպես էլ հնարավոր չէ նման քաղաքականության պայմաններում զերծ մնալ բախումներից: Ակնհայտ է, որ բախումներից զերծ մնալ հ նարավոր է միայն թուրքական պետության կողմից քրդական խնդրի կարգավորման համար կամք դրսեւորելու եւ լուծում գտնելուն ուղղված բանակցություններ սկսվելու դեպքում: Թե չէ մեր միակողմանի կամքով ոչ հնարավոր զերծ մնալ բախումներից, ոչ էլ արդյունքի գալ քրդական խնդրի լուծման մեջ», -ասվում է հայտարարության մեջ: