ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցը թիկունքից հարված է Մինսկի խմբի գործունեությանը. Նաիրա Զոհրաբյան
PoliticsԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի կողմից վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում հակահայկական զեկույցի ներառումը թիկունքից հարված է Մինսկի խմբի գործունեությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցին, որը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը ներառել է լիագումար նիստի օրակարգում:
«ԵԽԽՎ-ի նպատակը հերթական անգամ վնասելն է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին, որովհետև վնասից բացի այս նախաձեռնությունը որևէ պոզիտիվ քայլ առաջ չէ, որևէ կերպ չի օգնելու բանակցային գործընթացին: Հերթական անգամ իրենք միջազգային հարթակներում ուղղակիորեն ստեղծում են էսկալացիա հայկական և ադրբեջան ական պատվիրակությունների միջև:
Հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական ջանքերն է գործադրելու և կողմերին հորդորելու գնալ միմյանց հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորման: Նման քայլերով վստահության մթնոլորտ չի ձևավորում, այլ թիկունքից հարված են հասցնում Մինսկի խմբի գործունեությանը»,- ասաց պատգամավորը:
Զոհրաբյանն ընդգծեց, որ որևէ մեկի համար անակնկալ չէր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը ներառելու է զեկույցն առաջիկա հունվարյան լիագումար նիստի օրակարգ: «Որևէ մեկի համար անակնկալ չէր նաև, որ ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի դուստր ձեռնարկության, հատկապես քաղաքական հանձնաժողովը, որովհետև Ադրբեջանն իր ողջ լոբբիստական, խավիարադիվանագիտական, խավիարադոլարային ռեսուրսը կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև այդ հանձնաժողովով են անցնում Ադրբեջանի համար խիստ կենսական նախագծերը, որոնք Ադր բեջանը հետևողականորեն փորձում է տապալել, մասնավորապես՝ քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ պետք չէ բարդ քաղաքական կոմբինացիաներ փնտրել, քանի որ ԵԽԽՎ-ի գերակշիռ մեծամասնությունը գնված է Ադրբեջանի կողմից: «ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամ պատգամավորների զգալի մասը ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանից: Դա արդեն ապացուցված փաստ է, և դրա վերաբերյալ կան տեղեկություններ տարբեր երկրների մամուլներում»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, թե սա չի ասում որպես արդարացում, այլ որպես արձանագրված փաստ:
Հարցին, թե բանաձևի ներառումը վեհաժողովի լիագումար նիստում , գուցե, պայմանավորված է պատվիրակության վատ աշխատանքով, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես, չլինելով այդ հանձնաժողովի անդամ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե ինչ-որ մեկը կարող է շատ ավելի արդյունավետ աշխատել, ապա ես պատրաստ եմ զիջել իմ տեղն այդ պատգամավորին: Ինչ կարող էինք, արել ենք»:
Հարցին, թե ի՞նչ ճակատագիր կունենա բանաձևը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դա կախված կլինի նրանից, թե որքանով ԵԽԽՎ-ում կգտնվեն սթափ պատգամավորներ, ովքեր կհասկանան, որ նման ձևակերպումներով բանաձևի ընդունումն ավելի է նպաստելու սահմանային լարվածության աճին և վնասելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նա ընդգծեց, որ նման բանաձևի ընդունումն ավելի կսրի հայկական և ադրբեջանական պատվիրակությունների առանց այդ էլ լարված հարաբերությունները՝ հավելելով՝ եթե ԵԽԽՎ-ի նպատակը դա է, կարող են նույն ոճով շարունակել: