Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը իր հաղթանակից անմիջապես հետո Հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցում նշել է, որ չէր պատկերացնում, թե իր հետ ինչ կլիներ, եթե ինքը այս մրցաշարում նույնպես զիջեր եզրափակչում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայ մարզիկը շնորհակալություն է հայտնել բոլոր մարզասերներին, ամբողջ հայ ժողովրդին, հատուկ շանորհակալություն հայտնել իր երկու ամենասիրելի կանանց՝ մորն ու կնոջը, առանց որոնց, ինչպեսև առանց մարզիչների, իր հաղթանակը չէր կայանա:
«Երբ ես 2009թ. նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ապա պատկերացնում էի, որ դրան կհետևեն «ոսկե» հաջողությունները նաև աշխարհի առաջնությունում և Օլիմպիական խաղերում, բայց շատ երկար ճանապարհ անցա մինչ նվաճեցի աշխարհի չեմպիոնի իմ առաջին տիտղոսը: Ի դեպ, Եվրոպայի վերջին առաջնությունում իմ անհաջողությունից լավ դաս քաղեցի, ես արդեն հոգնել էի եզրափակիչներում զիջելուց. զգում էի, որ ուժեղ եմ, բայց պարտվում էի, չէի հասկանում ինչ ինձ չէր բավարարում, և այժմ Տաշքենդում կարողացա առաջին անգամ դառնալ աշխարհի չեմպիոն ու պետք է ձգտեմ նույն արդյունքի հասնել նաև օլիմպիական խաղերում»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Արսենի Ջուլֆալակյանի հայրը, օլիմպտիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ Արսենը ամեն ինչ անում էր, որպեսզի նվաճեր աշխարհի չեմպիոնի կոչումը և, ի վերջո, հասավ իր նպատակին:
Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ շատ երջանիկ կլինի, եթե իր ավագ որդին գերազանցի հոր արդյունքները:
Մարզիչը նշեց, որ Հայաստանի 6 ըմբիշներ դեռ շարունակում են մրցապայքարը աշխարհի առաջնության մեդալների համար' լավագույնը մաղթելով ե՛ւ նրանց , ե՛ւ Հայաստանի բոլոր այլ մարզիկներին: