Ադրբեջանի պատվիրակությունը նման է ԵԽ-ում հայտնված որդնած խնձորի. Շավարշ Քոչարյան
PoliticsԱզգային ժողովում ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված հակահայկական զեկույցին: Պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին՝ Շավարշ Քոչարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2013թ. հենց այդ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերն էր ղեկավարում այն դի տորդական առաքելությունը, որը դիտարկում էր Ադրբեջանի նախագահական ընտրությունները:
«Եվ նա ներկայացրեց մի խայտառակ զեկույց, որը շատ ուժեղ հարված էր Եվրոպայի խորհրդի վարկանիշին: Այդ զեկույցում փայլուն էին որակվում 2013թ. խայտառակ նախագահական ընտրությունները Ադրբեջանում: Դրանից հետո Guardian հեղինակավոր թերթը բառացի գրել էր հետևյալը. «Արքայավայել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսյա գորգեր և գումարներ»: Սա Guardian թերթն է գրել այդ նույն Ուոլթերի և նրա թիմի մասին»,- նշեց Քոչարյանը:
Նա հավելեց, որ դրանից հետո Հայաստանը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է մի դաշտում, որտեղ փորձում են գումարներով պայքարել քարոզչության դաշտում, առաջին հերթին այլ որակներ են պետք: Նա ընդգծեց, որ շատ դժվար է նման կառույցներում հակադրել ադրբեջանական ահռելի նավթադոլարներին:
«Այստեղ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը հետևողական գտնում է մարդկանց թույլ կողմերը, կաշառում է մարդկանց և նրանց գործունեությունն այդ դեպքում ազդում է հենց Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա: Ես մի կոպիտ համեմատություն անեմ՝ Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որն ընկել է այնտեղ ու որդնացնում է բոլոր խնձորներին:
Այսինքն, որդն ընկել է Եվրոպայի խորհուրդ, և դա հենց Եվրոպայի խորհրդի կարևորագույն խնդիրն է, որովհետև այդ կառույցն ուղղված է մարդու իրավունքներ, եվրոպական արժեհամակարգ քարոզելուն: Եվ ստացվում է, որ Եվրոպայի խորհուրդը հասել է այն աստիճանի, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը կարող է հրապարակային հայտարարել՝ «Եվրոպայի խորհուրդը մերն է»: Պատկերացնում ե՞ք՝ ավտորիտար, դիկտատորական Ադրբեջանի ձեռքում է գտնվում Եվրոպայի խորհուրդը»,- եզրափակեց փոխնախարարը: