Թուրքիան ԻՊ-ի դեմ ցամաքային ռազմական գործողություններ է ծրագրում
International newsԹուրքիան մտադիր է Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթը, այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիրիդուն Սինիրլիօղլուն:
Նրա խոսքով` ցամաքային ռազմական գործողությունները ԻՊ-ի դեմ կարող են սկսվել առաջիկա օրերին:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն այդ հայտարարությունն արել է իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ Էրբիլում ունեցած հանդիպումից հետո:
«ԻՊ-ն ահաբեկչական հարձակումներ է իրագործում նաեւ Թուրքիայի սահմաններում: Ծրագրում ենք առաջիկա օրերին ռազմական գործողություններ սկսել ԻՊ-ի դեմ: Բոլորս պետք է դեմ հանդես գանք ահաբեկչական այդ վտանգին: Սակայն, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է ժողովրդավարության հիմքի վրա լուծել Սիրիայում ճգնաժամը», -ասել է նա:
Թերթը հայտնում է, որ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ Սինիրլիօղլուն աջակցություն է խնդրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ Թուրքիայի եւ իրաքյան Քրդստանի տարածքում թուրքական զինված ուժերի կողմից իրագործվող պայքարում: