«Այո»-ի և «ոչ»-ի կողմակիցների միջև պետք է ձևավորվի արդյունավետ բանավեճ. Խոսրով Հարությունյան
PoliticsՀՀ քաղաքացիները Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին պետք է կատարեն գիտակցված և իմաստավորված ընտրություն` զերծ մնալով բոլոր տեսակի էմոցիոնալ ճնշումներից:
Լրագրողների հետ նոյեմբերի 5-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ազգայինժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավում ամենակարևորը, որ և «Այո»-ի և «Ոչ»-ի կողմակիցները կարողանան հիմնավորեն իրենց դիրքորոշումները` ձևավորելով արդյունավետ բանավեճ, ինչը դրական ազդեցություն կթողնի նաև ողջ քա ղաքական դաշտի վրա»,-հայտնեց նա:
Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի գործողություններին` Խոսրով Հարությունյանը դրանք բնութագրեց իբրև ոչ հիմնավորված, որն արժեզրկում է Սահմանադրական փոփոխությունների ողջ քարոզարշավը:
«Ես բանավիճել եմ այս հարցի շուրջ «Ոչ»-ի ճակատի կողմնակիցների հետ, բայց այդպես էլ կոնկրետ հիմնավորվածություն չստացա նրանց կողմից: Իրենք ասում են` «Սերժ Սարգսյանը ուզում է վերարտադրվել», սակայն իրենք չեն հասկանում, որ համաժողովրդական համամասնական ընտրակարգով անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների 40 տոկոսը:
Եթե պատկերացնենք, որ իշխանական կուսակցությունը հավաքի ընտրողների ձայների 40 տոկոսը, իսկ մնացած ընդդիմադիր կուսակցությունները` 60 տոկոս, ապա ով է իրենց խանգարելու միանալ և ձևավորել իշխանություն»,-շեշտեց Հարությունյանը` հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են ընձեռում ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն` ապահովել իշխանության իրական տարանաջատումը` քաղաքական մեծամասնության և փոքրամասնության միջև: