Հանրապետականի «այո»-ի քարոզարշավը խոստանում է լինել կառուցողական և իրազեկող. Արմեն Աշոտյան
PoliticsՍահմանադրական փոփոխությունների հանրաքվեի` իշխող Հանրապետական կուսակցության քարոզաշավը կլինի կառուցողական, բավանդակային` ուղղված իրազեկ քաղաքացիների ձևավորմանը:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին անդրադարձ կատարվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մեր շտաբի աշխա տանքների կազմակերպչական և բովանդակային խնդիրներին, մասնավորապես, քարոզչական բնույթի աշխատանքների հստակեցմանը: Ակնհայտ է, որ մեր քարոզչությունը լինելու է կառուցողական, բովանդակային, նպատակային և հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիական ընտրությունը կատարվի հնարավորինս իրազեկվածության ու գիտակցված ընտրության պայմաններում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` ներկայում ամբողջ ծավալով իրականացվում է Հանրապետականի «այո»-ի շտաբի և սահմանադրական փոփոխություններին կողմ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություն հաստատելու աշխատանք:
Հարցին ի պատասխան, թե արդյոք քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն կկազմակերպի հրապարկային հանդիպումներ, հանրահավաքներ` Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ մասին քննարկում չեն ունեցել, ինչպես և չի քննարկվել Հանրապետության նախագահի` Սերժ Սարգսյանի մասնակցության ձևաչափը քարոզարշավին:
Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատին, ապա Արմեն Աշոտյանի բնորոշմամբ` այն
ավելի խայտաբղետ է ու տարաբնույթ, քան «այո»-ն: «Այո»-ի համագործակցության մակարդակը գոնե այսօր «ոչ»-ի տարբեր ճակատների միջև գոյություն չունի»,-ավելացրեց Արմեն Աշոտյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին: