Նոր Սահմանադրությամբ դատավորների նշանակման կարգում նախագահի դերակատարությունը դառնում է արարողակարգային
PoliticsԵթե գործող նախագահը ներկայիս Սահմանադրությամբ ունի լայն լիազորություններ` նշանակելու կամ չնշանակելու դատավորի առաջադրված թեկնածուին կամ համաձայնություն տալու դատավորին կալանավորելու Արդարադատության խորհրդի առաջարկին, ապա Սահմանադրության նոր նախագծով նախագահի լիազորությունները նվազեցված են: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գնահատմամբ, եթե ներկայիս Արդարադատութան խորհուրդը հանդիսանում է զուտ խորհրդակցական մարմին, կարծիք է հայտնում, բայց իր որոշումն անմիջապես չի գործում, ապա Սահմանադրության նոր օրինագծով պատկերն այլ է: «Բարձրագույն դատական խորհուրդը, որն անհամեմատ ավելի կայուն կառույց է, քան այսօրվա Արդարադատության խորհուրդը, եթե դատավորի թեկնածություն ներկայացրեց, ապա հանրապետության նախագահի դերակատարությունը դառնում է արարողակարգային: Նախագահը չի կարող մերժել, եթե, իհարկե, չի խախտում Սահմանադրությունը: Եթ ե Բարձրագույն դատական խորհուրդը չի ներկայացնում թեկնածուի, ով չի հանդիսանում ՀՀ քաղաքացի կամ տարիքը չի համապատասխանում եւ այլն, ապա ՀՀ նախագահի կամքը որեւէ դերակատարություն չի կարող ունենալ»,- ասաց Հարությունյանը:
Հայաստանում 2013 թվականից քննարկվում է սահմանդրական փոփոխությունների հարց: Ստեղծվել է հանձնաժողով, որն էլ ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը, որը էականորեն տարբերվում է 2005 թվականին ընդունած փաստաթղթից: Մասնավորապես, նոր փաստաթղթով կփոխվի Հայաստանի կառավարման համակարգը, և Հայաստանը խառը` կիսանախագահական համակարգից կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի մոդելի: Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին: