Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ վատ հարաբերությունների գլխավոր գործոններից մեկը մարդու իրավունքների խախտումն է. Մորնինգսթար
International newsԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում վերլուծաբանների, ակտիվիստների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ հինգշաբթի անցկացված լսումների ընթացքում Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ հիմնական գործոններից մեկը, որն անհրաժեշտ է Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները լավացնելու համար, մարդու իրավունքներն են, որոնք կտրուկ վատացել են 2013 թվականի հոկտեմբերին նախագահական ընտրություններից անմիջապես հետո:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» թեմայով անցկացված լսումներում քննարկվել եւ գնահատականներ են տրվել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակին, անկախ ձայները խլացնելու փաստերին, ընտրություններին, օրենսդիր եւ դատական իշխանությունների գործունեությանը:
Քննարկումներում Ռիչարդ Մորնինգսթարի հետ, ով ներկայում հանդիսանում է Վաշինգտոնում Գլոբալ էներգետիկական կենտրոնի տնօրենը, մասնակցել են Միջազգային ոչ առեւտրային կենտրոնի փոխնախագահ Նատալյա Բուրժայլոն, կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթը եւ Ադրբեջանում դատապարտված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Հունուսների դուստրը` Դինարա Յունուսը:
Ռիչարդ Մորնինգսթարը զարմանք է հայտնել մարդու իրավունքների հետ կապված պաշտոնական Բաքվի տրամաբանությամբ ու քաղաքականությամբ:
«Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է Ադրբեջանի կառավարութունը ստանում այդ բոլոր բռնաճնշումներից: Ինչու է Լեյլա Յունուսը գտնվում բանտում: Ինչ է օգուտ է քաղել Ադրբեջանի կառավարությունն այդ կալանքից, բացի Արեւմուտքի հետ հարաբերությունների բարդացումից», -ասել է նա:
Նրա խոսքով` Ադրբեջանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հանդիսացել են այն հարցերը, որոնք լրջորեն փչացրել են Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները: Մորնինգսթարը երկկողմանի հարաբարերությունների ներկայիս վիճակն անվանել է «ճնշող»` չնայած «ընդհանուր ռազմավարական հետաքրքրություններին»:
«Երկու հիմանական գործոնները, որոնք անհրաժեշտ են Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների լավացման համար, դրանք մարդու իրավունքների հարցերն են, որոնք խիստ վատացել են 2013 թվականին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից անմիջապես հետո», -ընդգծել է նա` հավելելով, որ մարդու իրավունքների խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքն անփոփոխ է մնում:
Իր ելույթում Նատալյա Բուրժայլոն արձանագրել է, որ վերջին մի քանի տարիներին քաղաքացիական ազատություններն Ադրբեջանում խիստ վատացել են, եւ այդ միտումը շարունակվում է:
«Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ արտասահմանյան կազմակերպությունները պետք է գրանցվեն երեք անգամ. առաջինը գրանցեն իրենց գրասենյակը, երկրորդը` ստանան կառավարության հավանությունն իրենց գործունեության համար, եւ երրորդ փուլը` գրանցեն յուրաքանչյուր դրամաշնորհ, ենթադրամաշնորհ եւ դրամաշնորհում ամեն փոփոխություն: Ես չգիտեմ որեւէ արտասահմանյան կազմակերպութւուն, որն Ադրբեջանում գրանցում է ստացել 2009 թվականից հետո», -ամփոփել է նա: