Դևիդ Քեմերոնը չի բացառել, որ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատրաստ է աջակցել Եվրոպական միությունից երկրի դուրս գալուն, եթե Բրյուսելը չհամաձայնի Լոնդոնի ներկայացրած անդամակցության նոր պայմաններին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Guardian թերթը, որի տրամադրության տակ հայտնվել է բրիտանական կառավարության ղեկավարի նամակը, որը նոյեմբերի 10-ին պատրաստվում է ուղարկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:
Քեմերոնը պնդում է, որ հիմնական պայմանագիրը ԵՄ-ին անդամակցելու հարցում, պետք է փոխվի՝ հաշվի առնելով Լոնդոնի պահանջը:
«Եթե մենք չկարողանանք հասնել նման համաձայնության, և եթե Մեծ Բրիտանիայի մտավախությունները շարունակվեն անտեսվել, ինչը, հուսով եմ, որ տեղի չի ունենա, մենք ստիպված կլինենք դարձյալ մտածել՝ արդյո՞ք ԵՄ-ն ճիշտ ընտրություն է մեզ համար: Ինչպես ասել եմ ավելի վաղ, ոչինչ չեմ բացառում»,-ասել է նա:
Բրիտանիայի վարչապետը, սակայն, շատ չի ցանկանում սրել վիճակն ու վստահություն է հայտնում, որ «Բրիտանիան կարող է հասնել համաձայնագրի, որը կծառայի թե՛ իր, թե՛ եվրոպացի գործընկերների շահերին:
Միացյալ թագավորության վարչապետը նամակում ներկայացրել է ԵՄ-ի հիմնական բարեփոխումների այն ցանկը, որն իր կարծիքով անհրաժեշտ է Լոնդոնին: