Ադրբեջանի օդային ուժերի զորքերի փոխհրամանատարը պաշտոնանկ է արվել
International newsԱդրբեջանի օդուժի օդային հարվածներից պաշտպանության զորքերի պետ, օդային ուժերի զորքերի հրամանատարի տեղակալ Թոֆիգ Աբբասովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է AzNews.az լրատվական կայքը` նշելով, որ նրան աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ներկայացմամբ:
Թոֆիգ Աբբասովը խորհրդային բանակից զորացրվել է լեյտենանտի կոչումով: Ադրբեջանի անկախացումից հետո նա զինծառայության է անցել ներքին զորքերում եւ բարձրացել մինչեւ մայորի աստիճան:
Նախարար նշանակվելուց հետո Զաքիր Հասանովը Թոֆիգ Աբբասովին փոխադրել է պաշտպանության նախարարություն: Գեներալ-մայոր Ռամիզ Թահիրովի օդուժերի հրամանատար, միեւնույն ժամանակ փոխնախարար նշանակվելուց հետո մայոր Թոֆիգ Աբբասովին անակնկալ կերպ գեներալի պաշտոն է տրվել եւ նշանակվել օդուժերի օդային հարվածներից պաշտպանության զորքերի պետ, օդուժերի զորքերի հրամանատարի տեղակալ:
Որոշ ժամանակ հետո Զաքիր Հասանովը Թոֆիգ Աբբասովին գնդապետ-լեյտենանտի կոչում է շնորհել եւ ուղարկել է Չինաստան` սովորելու: Այդ բոլորն արվել է Ռամիզ Թահիրովի միջնորդությամբ, որը նրա ուսանողական ընկերն է. նրանք Կիեւում միասին են զինվորական կրթություն ստացել:
Ինչպես երեւում է` Ռամիզ Թահիրովն այլեւս չի կարողացել իր ապաշնորհ ընկերոջը պաշտպանել եւ նա պաշտոնանկ է արվել պաշտոնեական պարտավարությունները կատարել չկարողանալու համար, գրում է կայքը: