Թուրքիան կչեզոքացնի Սիրիայի կողմից «սպառնալիքը» թե օդից, եւ թե ցամաքից. Դավութօղլու
International newsԹուրքիան պատրաստ է պատասխանել ինչպես օդից, այնպես էլ ցամաքից Սիրիայի տարածքից սպառնալիք ծագելու դեպքում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա չի հստակեցրել, թե ինչ հնարավոր սպառնալիքի մասին է խոսքը եւ ինչ կամ ով կարող է դա ներկայացնել:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ Դավութօղլուն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նոր ռազմավարությունը:
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել, Թուրքիան հայտարարել էր, որ մտադիր է վայր գցել ռազմական ինքնաթիռներն այն դեպքում, եթե նրանք խախտեն իր օդային տարածությունը:
Հոկտեմբերի կեսերին թուրքական ռազմաօդային ուժերը վայր էին գցել պատկանելությունը չպարզված մի անօդաչու սարք, որը հայտնվել է Սիրիայի հետ թուրքական սահմանի օդային տարածքում:
Թուրքիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է միանալու Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի հնարավոր ցամաքային ռազմական գործողություններին:
2015 թվականի նոյեմբերի 15-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանի մոտ, կանցկացվի G20 անդամ երկրների գագաթաժողովը, որին, ինչպես սպասվում է, պետք է մասնակցեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը: