Եգիպտոս կժամանեն ԱՄՆ-ի փորձագետները՝ մասնակցելու A321-ի կործանման հետաքննությանը
International newsԵգիպտոսը հավանություն է տվել ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոյի եւ այդ երկրի այլ փորձագետների մասնակցությանը ռուսական A321 ինքնաթիռի աղետի հետաքննությանը: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում նոյեմբերի 10-ին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին:
Նրա խոսքով՝ եգիպտական կողմը «ամերիկացիներից առաջարկություն է ստացել հետաքննությանը մասնակցելու վերաբերյալ եւ առանց հապաղելու հավանություն է տվել»:
ՀՀԲ-ում նոյեմբերի 9-ին հավաստել են ռուսական օդանավի աղետի հետաքննությանը աջակցելու պատրաստակամությունը:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: