Քլինթոնն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ չէ պատերազմ հայտարարելու ԻՊ-ին
International newsԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախընտրական արշավի առաջատար Հիլարի Քլինթոնը երկրի նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ չի լինի պաշտոնապես պատերազմ հայտարարել «Իսլամական պետությանը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է նոյեմբերի 10-ին՝ Նյու Հեմփշիրի նահանգում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
Նման վճռական քայլի համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է հասկանալ առկա հնարավորություններն ու առաջադրված խնդիրները: «Պաշտոնապես պատերազմ հայտարարելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բյուջե»,- ասել է Քլինթոնը, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի կարծիքով՝ «անհրաժեշտ է որոշակի աշխատանք կատարել՝ ավելի լավ հասկանալու այն սպառնալիքը, որը ներկայացնում են արմատական խմբավորումները»: Դրա հետ մեկտեղ Քլինթոնը վստահություն է հայտնել, որ պատերազմ հայտարարելը ԻՊ-ի դեմ պայքարելու լավագույն միջոցը չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: