ԱՄՆ-ում ինը մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով
International newsԱՄՆ-ի արեւմուտքում ինը մարդ է զոհվել թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է New York Post թերթը՝ հղում անելով տեղական ոստիկանության՝ անունները չնշված աղբյուրների: Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների մասին:
Hawker 25 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Օհայոյի նահանգի Ակրոն քաղաքից ոչ հեռու: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 24:00-ին) երկու ճանապարհների հատման վայրում: Ականատեսները պատմել են, թե լսել են ձայն, որը նման էր հեռախոսային սյունին ավտոմեքենայի բախմանը: Գետնին ընկնելուց առաջ ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքի: Տեղական էներգետիկական ընկերության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ներկայում հաստատված է, որ ավիաաղետի զոհ են դարձել օդաչուն ու նրա օգնականը: Առայժմ չկա այն բանի պաշտոնական հաստատումը, որ օդանավում եղել է ինը մարդ եւ նրանք բոլորն էլ զոհվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: