Իրանը մինչեւ տարեվերջ կստանա ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգերը
International newsՌուսաստանը մոտ ժամանակներս կսկսի Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Իրանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իրանի PressTV ռեսուրսը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի՝ նոյեմբերի 10-ին արած հայտարարությունը:
«Մենք պարտավորագիր ենք ստորագրել Ռուսաստանի հետ: Ներկայում այն կատարվում Է: Մինչեւ տարեվերջ մենք կստանանք այդ համակարգերի մեծ մասը»,- ասել Է նա՝ հավելելով, որ այժմ իրանցի մասնագետներն ուսուցում են անցնում Ռուսաստանում:
Իրանին «Ալմազ-Անթեյ» օդատիեզերական պաշտպանության կոնցեռնի արտադրության Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման ժամկետների մասին տեղեկատվությունն «Ինտերֆաքս»-ին հավաստել են Ռուսաստանի պաշտպանաարդյունաբերական համալիրում:
«Խոսքը վերաբերում Է Ս-200ՊՄՈՒ-2 տիպի նոր համակարգերին, որոնք պատրաստվել Էին Սիրիայի համար»,- նշել Է գործակալության զրուցակիցը: Նա հիշեցրել Է, որ այդ համակարգերը Սիրիային չեն մատակարարվել Իսրայելի դիրքորոշման պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Իրանին կմատակարարվեն շուրջ մեկ միլիարդ դոլար գումարի չորս դիվիզիոն «Ֆավորիտ» Ս-300ՊՄՈՒ2 նոր զենիթահրթիռային համակարգեր: