Ռուսաստանի կոմունիստները պահանջում են արգելել թռիչքները Թուրքիա
International newsՌուսաստանի Պետդումայում կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը խնդրանքով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին Եգիպտոս ավիաթռիչքների արգելումից հետո ժամանակավորապես դադարեցնել Թուրքիայի եւ Թունիսի հետ ավիահաղորդակցությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Իզվեստիա» թերթը:
Նրանց կարծիքով` Թուրքիա եւ Թունիս թռիչքները կարող են վտանգավոր լինել այնտեղ ահաբեկիչների առկայության պատճառով, որոնք կապված են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Նրանք նշել են, որ Եգիպտոս թռիչքները դադարեցնելու մասին որոշումը պայմանավորված է եղել այն բանով, որ հոկտեմբերի 31-ին Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus 321 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածներից մեկը հանդիսանում է ահաբեկչական գործողությունը:
Ռաշկինն ու Օբուխովը դրա համար հղում են կատարում արտասահմանյան երկրների մի շարք կառավարությունների եւ ուժային գերատեսչությունների կարծիքին, ինչպես նաեւ առաջատար արեւմտյան ԶԼՄ-ների հրապարակումներին:
«Ընթացիկ տարում Թուրքիայում 7 ահաբեկչական գործողություն է իրագործվել: Իսկ Թունիսում Սուս քաղաքում հունիսին հարձակում է կատարվել մերձափնյա երկու հյուրանոցների վրա», -հիշեցրել են ռուս պատգամավորները: