Թուրքական ոստիկանության կողմից շրջափակված Սիլվանում զինվոր և ոստիկան է զոհվել
International newsԴիարբեքիրի Սիլվան գավառում փողոց դուրս չգալու արգելքը շարունակվում է արդեն 10-րդ օրը: Ոստիկանությունը շրջափակման մեջ է պահում Սիլվանի մի շարք թաղամասեր, որտեղ չկան էլեկտրականություն, ջուր և անգամ սնունդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ոստիկանության կողմից շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր սիլվանցիներ նոյեմբերի 11-ի երեկոյան բողոքի երթ են կազմակերպել, սակայն ոստիկանական ուժերը զրահապատ մեքենաներով կտրել են նրանց ճանապարհը և ցույցը ցրել ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով:
Սիլվանում ոստիկանության և Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) երիտասարդական թևը համարվող «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) միջև նոյեմբերի 11-ին տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել են թուրք զինվոր և ոստիկան: Սիլվանի մի շարք թաղամասերում տանկեր են տեղակայվել: Փողոց դուրս գալու արգելքի հայտարարումից հետո շարունակվող բախումների հետևանքով 6 քաղաքացի է զոհվել, վիրավորվել երկու երեխա: Գավառի մի շարք թաղամասերի բոլոր շենքերի պատերին կարելի է տեսնել կրակոցների հետքեր:
Սիլվանից պատրաստված հեռուստառեպորտաժում ցույց է տրվել, թե ինչպես է տեղի բնակչությունը բողոքում, որ թուրք ուժայիններն ուղղակիորեն իրենց և իրենց տների վրա կրակում են տանկերից և զենքերից: Նրանք ահազանգել են, որ չունեն էլեկտրականություն, ջուր և սնունդ: Դիպուկահարների կրակոցներից խուսափելու նպատակով՝ մի շարք թաղամասում մեծ սպիտակ պաստառներ են կախված, որոնք ենթադրաբար փակում են նրանց տեսադաշտը: