Հայաստանը պարտադրված է գնալ համայնքների խոշորացման ճանապարհով. Հերմինե Նաղդալյան
PoliticsԱյսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրն այլընտրանք չունի: Մենք պետք է կարողանանք այս ռեֆորմն այնպես անցկացնել, որպեսզի կարողանանք ձեռք բերել այն, ինչը մեզ անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման համակարգի կայացման համար: Մենք չպետք է կորցնենք այն, ինչ պետք է մեր ժողովրդի եւ յուրաքանչյուր համայնքի համար»,- նշեց Հ. Նաղդալյանը` հույս հայտնելով, որ այն քաղաքական կամքը, որը ցուցաբերում է ՀՀ կառավարությունն այս հարցում, հավանություն կստանա խորհրդարանի մեծամասնության կողմից:
ԱԺ փոխնախագահը նաեւ ընդգծեց, որ Հայաստանը պարտադրված է գնալ համայնքների խոշորացման ճանապարհով՝ տեղական ինքնակառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: «Մենք այս կարեւոր քայլին գնալու ճանապարհին պետք է լինենք շատ գրագետ, որպեսզի մեր լուծումներն ու բարեփոխումները լինեն օպտիմալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր իրականացնել Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում:
Սոսե Չանդոյան