Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարը պաշտոնանկ է արվել
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը ազատվել է աշխատանքից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքին:
Անցյալ շաբաթ Ալի Աբբասովը հարցաքննության էր կանչվել Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչություն: Նրանց հարցաքննության կանչելու պատճառը եղել է ավելի վաղ ձերբակալված նախարարության աշխատակազմի ղեկավար Վիդադի Զեյնալովի` նրա դեմ տված ցուցմունքը:
Ինքը` Զեյնալովը ձերբակալվել էր «Բաքվի հեռախոսային ցանց» արտադրական միավորման գլխավոր տնօրեն, Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի ազգական Բեյթուլլա Հուսեյնովի ցուցմունքների հիման վրա:
Տեղեկացված աղբյուրները հայտնել են, որ հարցաքննության ժամանակ Ալի Աբբասովն իր հերթին ժխտել է բոլոր մեղադրանքները եւ ցուցմունք տվել ԱԱ նախկին նախարար Ալդար Մահմուդովի դեմ:
Ավելի վաղ հայտնվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով ԱԱ նախարար Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովին պաշտոնից ազատելու մասին: Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրա վրա նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնա խավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:
Նախօրեին զբաղեցրած պաշտոններից հեռացվել էին ԱԱՆ 9 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում` 4 գեներալ, եւ ձերբակալվել ԱԱՆ 15-ից ավելի աշխատակիցներ: