«Ժառանգությունը» ներկայացուցիչ չի ունենա 118 և ՀԱԿ-ը` 245 տեղամասային հանձնաժողովում
PoliticsՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներից 118-ում «Ժառանգություն» կուսակցությունն անդամներ չի նշանակել, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը` 245-ում: Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացնել մինչև նոյեմբերի 11-ը` ժամը 18:00-ն:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին: