ԱՄՆ հետաքննիչներն А321-ի կործանման հնարավոր պատճառ են համարում ինքնաթիռում ռումբի առկայությունը
International newsԱմերիկյան հետաքննիչները , ովքեր ուսումնասիրում են Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանման հանգամանքները, որպես վարկած դիտարկում են վառելիքի մատակարարման գծի մոտ տեղի ունեցած պայթյունի հավանականությունը:
Այդ մասին գրել է The Daily Beast թերթը:
«Ամերիկյան փոձագետների կողմից ուսումնասիրվող վարկածներից մեկի համաձայն կասկածվում է, որ ռումբը կարող էին տեղադրել Airbus ինքնաթիռի վառելիքի մատակարարման գծի մոտ: Այդ սարքի հզորությունն այնպես է նախատեսված եղել, որ պայթյունից հետո բռնկվի վառելիքը»,- գրել է թերթը` վկայակոչելով ամերիկյան փորձագետներին մոտ աղբյուրը:
Թերթն ընդգծել է, որ եթե այդ վարկածը ճիշտ լինի, հետաքննիչներն, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա հայտնաբերել իրեղեն ապացույցներ, որոնք կվկայեն ինքնաթիռում ռումբի պայթյունը:
ԱՄՆ-ում դիտարկվող մյուս վարկածն ինքնաթիռում ինքնաշեն ռումբի տեղադրումն է: Համաձայն այդ վարկածի` պայթյունը բերել է ինքնաթիռի ապահերմետիկացաման: Դա կարող էր բավարար լինել, որպեսզի ինքնաթիռը մասնատվեր թռիչքի ժամանակ:
Միաժամանակ, ԱՄՆ փորձագետներն ամբողջությամբ վստահ չեն, որ տեղի է ունեցել հենց ռումբի պայթյուն: «Նրանք ընդգծում են, որ չեն բացառում նաև այն, որ թռիչքի ժամանակ տեղի է ունեցել ինքնաթիռի կառուցվածքի վնասվածք»,- գրված է հոդվածում: Դրա հետ կապված, The Daily Beast-ը հիշեցնում է, որ 2001 թվականին Կահիրեում վայրէջքի ժամանակ վնասվել էր ինքնաթիռի հետին մասը:
ԱՄՆ հետաքննիչներն ընդգծել են, որ իրենց դժվար է կողմնորոշվել ինքնաթիռի կործանման պատճառների հարցում, քանի որ իրենք ունեն տեղեկատվության պակաս: «Եգիպտացի հետաքննիչներից տեղեկատվությունը ստանում են բավականին դանդաղ»,- ասել է ամերիկյան պաշտոնական դեմքերից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
Թերթը տեղեկացնում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն Կահիրեում ունի աշխատակիցներ, ովքեր պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնել աղետի պատճառները պարզելու հարցում:
Ռոսական «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռը, որը հոկտեմբերի 31-ին Շառմ Էլ-Շեյխից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել էր Սինայի թերակղզում: Աղետի հետևանքով զոհվել է 224 մարդ, այդ թվում 217 ուղևոր: