ԼՂ հակամարտության կարգավորման նոր գործընթաց չկա. ՀՀ իշխանությունների կարծիքը հստակ է ու անփոփոխ. Շարմազանով
PoliticsԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ նոր գործընթաց չկա: Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը ԼՂ հակամարտութան հարցում չի փոխվել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին, թե ԼՂ հակամարտության կարգավորման նոր գործընթաց է սկսել, և Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հանձնել ԼՂ հարակից շրջանները:
«Հայաստանի իշխանությունների կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ հստակ է ու անփոփոխ: Խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր: Խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում»,- ասաց Շարմազանվը՝ հավելելով, որ սա Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն է:
ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ԼՂ հակամարտության ուղղությամբ նոր գործընթացի մասին լուրերը ստահոդ են և որևէ կապ չունեն իրականության հետ: