ԵՄ-ի եւ Աֆրիկայի երկրները միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի ծրագիր են ընդունել
International newsԵվրոպայի եւ Աֆրիկայի 40-ից ավելի երկրների ներկայացուցիչները նոյեմբերի 12-ին հավաքվել էին Մալթայի մայրաքաղաք Վալետայում՝ փորձելու ելք գտնել միգրացիոն ճգնաժամից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բարձր մակարդակի երկու հանդիպման՝ ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովի եւ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստի արդյունքում ընդունվել է գործողությունների ծրագիր, նաեւ Աֆրիկայի համար նպատակային հիմնադրամ է ստեղծվել 1,8 մլրդ եվրոյի չափով:
Վալետայի հանդիպումների գլխավոր արդյունքը դարձել է Եվրամիության եւ Աֆրիկայի պետությունների կողմից միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում մինչեւ 2016 թվականի վերջը գործողությունների համատեղ ծրագրի ընդունումը: Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, փաստաթուղթը միտված է միգրացիայի բուն պատճառների եւ անօրինական փոխադրողների դեմ պայքարին, լեգալ միգրացիայի եւ տեղահանված անձանց պաշտպանության հարցում երկրների միջեւ համագործակցության ուժեղացմանը, ինչպես նաեւ այն միգրանտների հայրենադարձմանը, ովքեր միջազգային պաշտպանության կարիք չունեն եւ իրավունք չունեն գտնվելու ԵՄ-ում:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ կողմերը ծրագրի շրջանակներում պայմանավորվել են գործարկել ճգնաժամի դեմ պայքարի 15 նախաձեռնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: