Քաղաքական կամքի դեպքում հնարավոր է վերահսկել հանրաքվեի թափանցիկությունը. Վ.Հոկտանյան
PoliticsՅուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ հարցերի հարցն է դառնում ընտրացուցակներում առկա հնարավոր անճշտությունների շտկման գործակիցը պարզելը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ արդեն երրորդ անգամ է՝ կազմակերպությունն իրականացնում է ընտրացուցակների էլեկտրոնային մոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ բնակչության թիվը 2003-2015 թվականների ընթացքում թեև գնալով նվազում է, սակայն ընտրողների թիվն ավելանում է: Նա տեղեկացրեց նաև, որ կազմակերպությունը բնակչության թիվը վերցրել է վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական տվյալներից, իսկ ընտրացուցակները՝ ոստիկանության կայքից: «Դա արել ենք ոչ թե նրա համար, որ հայտարարենք՝ անհամապատասխանություն կա և այլն, որովհետև 2012թ-ից արդեն պարզ էր, որ արտագաղթածներն ընտրացուցակներում են: Սակայն նրանք, ովքեր շահագրգռված են, որ հանրաքվեն անցնի ազատ և արդար, պետք է ուշադիր լինեն արտագաղթածներին ցուցակներում չներգրավելու համար»,- ասաց Վ. Հոկտանյանը:
Նրա դիտարկմամբ՝ եթե ցուցակներում լինեին միայն Հայաստանում ապրողները, ապա ընտրողներ-բնակչություն հարաբերակցությունն այդքան մեծ տոկոսների չէր հասնի: Ի դեպ, էլեկտրոնային մոնիթորինգ իրականացնող համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրացուցակներում ընդգրկված անձանց թիվը, տարիքը և այլ տվյալներ ներմուծելով ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, օրինակ՝ նաև այն, թե 100-ից բարձր տարիք ունեցող քանի ընտրող կա Հայաստանում: «Ծրագրի օգնությամբ պարզ է դառնում, որ Հայաստանում 100-120 տարեկան 167 ընտրող կա, որից 9-ը 110-120 տարեկան են»,- ասում է Վ. Հոկտանյանը:
Կազմակերպության ղեկավարի ներկայացմամբ՝ ծրագիրը թույլ է տալիս պարզել նաև կրկնանունների թիվն ընտրացուցակներում, նրանց տարիքը և այլ տվյալներ: Նա նշեց նաև, որ թեև ծրագիրը մեր երկրում պաշտոնապես չի ընդունվել, սակայն այլ երկրներում նույն այդ ծրագրով հնարավոր է եղել քաղաքական կամք դրսևորելու շնորհիվ վերահսկողություն իրականացնել ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար:
Ա.Գ.