ԵՄ-ը Ֆրանսիային կաջակցի ահաբեկչության դեմ պայքարում. Պյոտր Սվիտալսկի
International newsԵվրամիությունը դատապարտում է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Մենք բոլորս շոկի մեջ ենք: Մենք` եվրոպացիներս, աշխարհի բոլոր լավ մարդիկ շոկի մեջ ենք նախորդ գիշեր Ֆրանսիայում տեղի ունեցածից: Մենք ֆրանսիացի ժողովրդի հետ ենք: Հայտնում ենք մեր ցավակցությունները զոհերի հարազատներին, և ֆրանսիական իշխանությունների կողքին ենք դեպքի պատճառները քննելու և հանցագործներին գտնելու հարցում: Մենք կաջակցենք Ֆրանսիային ահաբեկչության դեմ պայքարում: Մենք միասնական ենք որպես միջազգային հանրություն ահաբեկչության դեմ պայքարում: Դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել»,- Արմենպրեսի փոխանցմամբ`նշեց Պյոտր Սվիտալսկին:
Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ֆրանսիայի դատախազությունն առայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է: Այդ մասին հայտնել է «Ֆրասպրես»-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ` հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքում Փարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի որ պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից:
Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել: