Մեր պատվիրակությունը Եվրոպայի խորհրդին չի ստել. Նաիրա Կարապետյան
PoliticsԵԽԽՎ-ում Ուոլթերի հայտնի զեկույցի եւ հայկական պատվիրակության կողմից իրականացված քայլերի վերաբերյալ Orer.am-ը զրուցել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի հետ, ով կարծում է, որ հայկական պատվիրակությունն իր հնարավորության շրջանակում արել է ամեն ինչ՝ դիմակայելու եւ հակադարձելու պատվիրված զեկույցին: «Ե՛ վ հայկական պատվիրակությունը, եւ՛ արտգործնախարարությունն աշխատել են 24 ժամ ռեժիմով, անգամ ոչ աշխատանքային ժամերին ու օրերին: Բոլորս լավ գիտենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել եւ տեսանելի է այսբերգի միայն վերին մասը»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով հայկական պատվիրակության ղեկավարի հասցեին հնչվող այն տեսակետերին, թե Հ. Նաղդալյանը հավուր պատշաճի չի կատարել իր աշխատանքը:
«Նման բան պնդողներին կարող եմ ընդամենը մեկ հարց տալ: Եթե տիկին Նաղդալյանը խոսեր փայլուն բրիտանական անգլերենով կամ փարիզյան ֆրանսերենով, արդյո՞ք Ադրբեջանի լոբբիստները ամոթից վերադարձնելու էին գումարները եւ ասեին` եկեք Ղարաբաղն էլ հետը նվիրենք Հայաստանին: Իհարկե, ոչ»,- նշեց պատգամավորը:
Խոսելով նաեւ Ուորլիքի եւ Լավրովի կողմից հնչեցված հայտարարությունների մասին՝ Ն. Կարապետյանն ասաց. «Սա ապացուցեց այն, որ մեր պատվիրակությունը Եվրոպայի խորհրդին չի ստել` իր մտահոգությունները հայտնելով հանձնաժողովի նիստի ժամանակ, որ անհնար է, որպեսզի ՄԽ-ն Ուոլթերի հետ գնա նման բաց համագործակցության, ինչպես հայտարարել էր մի քանի անգամ, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերից նա հանդիպել է Կասպրշիկի հետ, պայմանավորվածություններ է ձեռք բերել, ունի փաստաթղթեր եւ այլն»:
Սոսե Չանդոյան