Փարիզում 128 անմեղ մարդ զոհ է գնացել կրոնական ծայրահեղականության. Ժան- Ֆրանսուա Շարպանտիե
International newsՓարիզի ահաբեկչությանն աշխարհի տված արձագանքը վկայեց, որ ողջ միջազգային հանրությունը միասնակամ է` մոբիլիզացնելու ուժերն այս սահմռկեցուցիչ արարքի դեմ պայքարում:
Այս մասին նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում: «Ֆրանսիայի նախագահը վճռական է պայքարելու այդ սահմռկեցուցիչ, տմարդի արարքի դեմ: Դատելով ցավակցական գրերից, որ ստանում´ ենք ողջ աշխարհից, հետևությունն այն է, որ բոլորը վճռական են միավորվելու, մոբիլիզացնելու բոլոր ուժերը` այս սահմռկեցուցիչ արարքի դեմ պայքարում»,- ասաց դեսպան Շարպանտիեն:
Նա դեսպանատան, Ֆրանսիայի նախագահի, կառավարության և ֆրանսիացի ժողովրդի անունից երախտիք հայտնեց հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առավոտից զորակցությունն են հայտնել, ծաղկեփնջեր զետեղել դեսպանատան պատերի տակ: Ողջ օրվա ընթացքում մարդկային հոսքը Ֆրանսիայի դեսպանատուն չի դադարել:
Դեսպանը նշեց, որ 128 զոհերն ու 160-ից ավելի վիրավորները, որոնց մի մասի վիճակը ծանր է, կրոնական ծայրահեղականության, անհանդուրժողականության զոհ են դարձել:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն ան նախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը: Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան: