Հռոմի Ֆրանցիսկոս պապը Փարիզի ահաբեկչությունն անմարդկային է անվանել
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը խստորեն դատապարել է Փարիզի ահաբեկչությունը` այն անվանելով անմարդկային արարք:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Հռոմի պապը նշել է, որ ահաբեկչությունն իրականացնողները չեն կարող ունենալ որևէ արդարացում իրենց արարքի համար` ո´չ կրոնական, ո´չ մարդկային:
Իտալական Tv2000 կաթոլիկ հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցի ժամանակ հայրապետը իր համերաշխությունն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին և հավաստիացրել, որ աղոթելու է ահաբեկչության զոհերի, վիրավորների և նրանց ընտանիքների համար: Ֆրանցիսկոս պապը նաև կարծիք է հայտնել, որ տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները երրորդ համաշխարհային պատերազմի մասն են, որի մասին ինքը նախազգուշացրել էր ավելի վաղ: «Դրան չկա արդարացում: Դա անմարդկային է»,- ասել է նա:
Պապի հրահանգով Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլինին հատուկ ցավակցական ուղերձ է հղել Փարիզի արքեպիսկոպոս, կարդինալ Անդրե Բեն-Տուրային: Իսկ ավելի վաղ, Սուրբ Աթոռի ներկայացուցիչը Վատիկանի ռադիոյին հայտնել էր, որ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը սարսափով է ընդունել ահաբեկչության մասին լուրը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել: