Ռամալյո. Թիմի առջև խնդիր է դրված հաղթելու առաջիկա երեք խաղերում
Sport«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանում անցկացրած առաջին ամիսը և պատմել է ակումբում և թիմում կատարվող փոփոխությունների մասին:
-Մեկ ամիս «Բանանցում»: Ինչպե՞ս կարճ կամփոփեք այս ժամանակահատվածը:
-Անձնական առումով, ես ինձ շատ լավ եմ զգում: Ինչ վերաբերվում է ամբողջ թիմին, ապա կարծում եմ՝ նույնը կարող եմ ասել: Շատ հարցերով պետք է զբաղվել, բայց այժմ շատ բավարված ենք այն պայմաններով, որոնք այստեղ ունենք:
-«Բանանցը» Ձեր գլխավորությամբ առաջին խաղում 0-3 հաշվով պարտություն կրեց, ապա երեք ոչ-ոքի արեց առաջնությունում՝ ընթացքում նաև գավաթային խաղում 3-0 հաշվով հաղթեց «Ուլիսում»: Նախկինում «Բանանցը» շատ գոլեր էր խփում և ավելի շատ բաց էր թողնում: Այժմ այդ երկու ցուցանիշների արդյունավետությունն էլ նվազել է: Արդյո՞ք դա մտնում էր Ձեր պլանների մեջ:
-Իմ պլանների մեջ մտնում է առավելագույնս հավասարակշռված թիմ ունենալը: Որպեսզի կարողանանք հաղթանակներ տանել, սկզբում պետք է կարողանանք գոլ բաց չթողնել: Այսպիսով, սկսել ենք մեծ ուշադրություն դարձնել թիմի կազմակերպածությանը, որպեսզի քայլ առ քայլ աշխատենք թիմի հարձակողական մարտավարության վրա: Եթե չկա հավասարակշռություն, ի վերջո թիմերը չեն հաղթում:
-«Բանանցն» առաջնությունում ամենից շատ ոչ-ոքիներ արած թիմն է: Ինչո՞վ դա կարելի է բացատրել:
-Դա նշանակում է, որ «Բանանցը» մի թիմ է, որը պայքարում է խաղերի ընթացքում: Իմ առաջին անհանգստությունն էր պարտություններին վերջ տալը: Վերջին հանդիպումներում ոչ-ոքիներ գրանցվեցին, բայց բոլորիս մոտ էլ զգացողություն էր մնացել, որ արժանի էինք հաղթանակի:
-Առաջիկայում սպասվում է երկու տնային հանդիպում «Ուլիսի» դեմ՝ առաջնությունում և գավաթում: Հաշվի առնելով մրցակցի ծանր վիճակը, արդյո՞ք թիմի չի կորցրել զգոնությունը և հանգիստ չէ իրեն զգում խաղերից առաջ:
-Ո՛չ: Թիմի առջև խնդիր է դրված հաղթելու առաջիկա երեք խաղերում՝ երկու խաղ «Ուլիսի» դեմ և մեկը «Միկայի» դեմ: Եվ թիմը չի հանգստանա, քանի որ ես դա թույլ չեմ տա: