ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրեր կնքելու հնարավորությունը դիտարկում է 40 երկիր. Պուտին
International news40 երկիր դիտարկում է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը: Այդ մասին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովին նվիրված հոդվածում, որը նոյեմբերի 18-19-ին տեղի է ունենալու Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Հոդվածում պետության ղեկավարը հիշեցրել է, որ մայիսին ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր է կնքվել ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ:
«Համանման համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը դիտարկում է եւս 40 երկիր»,- ասել է Պուտինը:
«Այսօր Ռուսաստանը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ միասին հաջողությամբ զարգացնում է ԵԱՏՄ-ն: Մեր ինտեգրացիոն նախագիծն ի սկզբանե միտված է այլ երկրների ու նրանց միավորումների հետ համագործակցելուն»,- նշել է նա:
Պուտինը թափանցիկ գործընկերության օրինակ է համարել ԵԱՏՄ-ն Չինաստանի նախաձեռնած «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» հետ զուգորդելու պայմանավորվածությունը: