Մենք այդքան ֆինանսական ռեսուրս չունենք, որպեսզի ԵԽԽՎ-ում մասնակցենք լիարժեք կազմով. Հերմինե Նաղդալյան
PoliticsԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, խոսելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված Ռոբ Ուոլթերի հակահայկական զեկույցի մասին, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց. «Վերջին մեկ տարվա ընթացքում մեր պատվիրակությունն ինտենսիվ, ամբողջ թափով աշխատել է, տարբեր հանդիպումներ, բանակցություններ ունեցել, սակայն տվյալ գործընթացում իրենց անմիջական դերակատարումն են ունեցել աշխարհաքաղաքական իրավիճակն ու Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը: Այս ֆոնի վրա ողջ խնդիրը բերել նրան, թե հայկական պատվիրակությունը պասիվ գտնվեց եւ լավ չաշխատեց, միամտություն է եւ մանկամիտ մոտեցում»,- ասաց Հ. Նաղդալյանը:
Պատասխանելով Orer.am-ի այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ հաջողություններ գրացելու եւ մեր անհաջողությունների մեջ հակառակ կողմին չմեղադրելու համար համալրել հայկական պատվիրակության կազմը, Հ. Նաղդալյանը ասաց. «Մենք աշխատակազմի խնդիրներ ունենք, ու լավ կլիներ, որ ԵԽԽՎ-ում մեր հնարավորություններն ավելի մեծ լինեին, որովհետեւ բազմաթիվ ուղղություններով աշխատանքներ են ընթանում: Մենք այդքան ֆինանսական ռեսուրս չունենք, որպեսզի ԵԽԽՎ-ում մասնակցենք լիարժեք կազմով՝ թարգմանիչներով»,- ասաց պատվիրակության ղեկավարը:
Խոսելով հետագա անելիքներից՝ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ այսօրվա դրությամբ մենք ունենք Հայաստանին վերաբերող երեք զեկույց: «Սա պահանջում է շատ լուրջ աշխատանք` տարբեր ուղղություններով: Սա բավականին ջանքեր պահանջող աշխատանք է: Մի երկրից գալիս են տարբեր քաղաքական ուժերի, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, եւ նրանցից յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներ ունի, ուստի շատ կարեւոր է, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի հետ կարողանաս աշխատանք կատարել: Մենք խնդիր ունենք՝ վերլուծաբանների հետ կապված եւ այլն, սա կապված է մեր ԱԺ-ի հնարավորությունների հետ»,- ասաց Նաղդալյանը:
Սոսե Չանդոյան