Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել Սահակաշվիլիի զինակիցներին
International newsՎրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է առաջադրել երկրի՝ բանտարկության մեջ գտնվող ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին եւ արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մերաբիշվիլին եւ Ադեիշվիլին Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի թիմի անդամներն են: 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նրանց մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին մեղադրանքներ էին առաջադրվել մի շարք քրեական գործերի գծով: Մերաբիշվիլին բանտարկված է Թբիլիսիում, իսկ Ադեիշվիլին բնակվում է Ուկրաինայում եւ կոնսուլտացիաներ է տրամադրում Ուկրաինայի կառավարությանը:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է, որ այս անգամ «հետաքննությունը պնդում է, որ Ադեիշվիլին եւ Մերաբիշվիլին 2004 թվականին ստիպել են վրացի երկու գործարարների՝ Թեյմուրազ Մեգրեիշվիլիին եւ Զուրաբ Մոդեբաձեին, զիջելու Կախեթի Թելավի քաղաքում գտնվող «Ակուրա» գինու գործարանը»:
Քրեական գործ է հարուցվել «ծառայողական լիազորությունների վերազանցում» հոդվածով, որը բանտային պատիժ է նախատեսում 3-ից մինչեւ 5 տարի ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: