ԱԺ-ում քննարկվում է «ԱԺ Կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը
PoliticsԱյսօր ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից առաջադրված «ԱԺ Կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Պատգամավորն առաջարկում է, որ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիմնականում լինի բանավոր տարբերակը, իսկ գրավոր տարբերակից լինի միայն երկու հարցի իրավունք:
Թ. Պողոսյանն առաջարկում է նաեւ. «Եկեք սսահմանափակենք հարց տալու եւ պատասխանի րոպեները՝ դարձնելով այն երկու րոպե, իսկ արձագանքների համար թող լինի մեկական րոպե: Իմաստ չկա շատ ժամանակ տրամադրել, որ հարցից բացի հնչեն իրոնյաներ եւ նմանատիպ արձագանքներ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա խոսքի՝ փոփոխությունը հնարավորություն կտա ավելի շատ հարցեր հնչեցնել: Հետաքրքրական է, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով թերեւս ամենաշատն է սիրում հանդես գալ յուրահատուկ երկարաշունչ նախադասություններով եւ խոսքով, հավանության արժանացրեց այս նախագիծը. «Այո՛, գրավոր հարցուպատասխանը ժամավաճառություն է ՀՀԿ-ի համար, որոնց նպատակն է ուղղակիորեն սպառել հարցուպատասխանի ժամանակը»:
Դե իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ, հարց ուղղեց Թեւան Պողոսյանին. «Այս առաջարկով մենք արդյո՞ք չենք խախտում Սահմանադրությունը, երբ չենք հրապարակում գրավոր հարցերը: Ձեր նախագծի առաջին տարբերակը ավելի սրտամոտ էր: Նաեւ ուզում եմ իմանալ՝ խմբակցություններից ի՞նչ կարծիք կա՝ անցնո՞ղ է, թե՞ բլոկ են անելու ձեր նախագիծը»:
Հարցին ի պատասխան Թ. Պողոսյանը նշեց, որ նման առաջարկ իրեն արել է Գագիկ Ջհանգիրյանը:
Սոսե Չանդոյան