Վահան Բաբայանը «ոչ»-ի ճակատին կոչ է անում քարոզարշավն անցկացնել միայն սահմանադրական բարեփոխումների շրջանակներում
Politics«Ոչ»-ի ճակատի անդամները սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը խառնում են նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
«Երբ հետևում ենք «ոչ»-ի կողմնակից մեր գործընկերների ելույթներին, մի պահ տպավորություն է ստեղծվում, թե դեկտեմբերի 6-ին լինելու է ոչ թ ե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, այլ նախագահական ընտրությունները: Հարգելի գործընկերներ, Հայաստանում անցկացվելու է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. պետք չէ այս ամենը վերածել իշխանություն-ընդդիմություն հակամարտության, կուսակցությունների պայքարի»,- ընդգծեց Բաբայանը:
Պատգամավորը հիշեցրեց «ոչ»-ի կողմնակից քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե սահմանադրական բարեփոխումների գործընթացը հանդիպելու է հասարակության լուրջ դիմադրությանը:
«Մարդիկ խոսում էին ինչ-որ սենսացիոն հանրահավաքների մասին: Ես կարող եմ ասել, որ հանրապետության տարբեր համայքներում մարդկանց հետ ունեցած հանդիպումների ժամանակ ես նման բան չեմ նկատել: Եթե կան դժգոհող մարդիկ, նրանք դժգոհում են այն բանից, որ իրենց մատուցվում են բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն:
Դրա համար եմ կոչ անում իմ գործընկերներին քարոզարշավն իրականացնել միայն սահմանադրական բարեփոխումների շրջանակներում և չվերածել գործընթացը իշխանություն-ընդդիմություն հակամարտության»,- եզրափակեց Բաբայանը: