Մենք պետք է հնարավորություն տանք, որ պահանջենք. Վ. Բաբայանը` քննարկվող բյուջեի մասին
PoliticsԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում շարունակվում են քննարկումները՝ 2016թ.-ի պետական բյուջեի վերաբերյալ, որի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Գաղտնիք չէ, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, ցածր վարձատրվող աշխատանքի տեսակներ, որոնք չեն բավարարում քաղաքացիներին: Այսօր մենք քննարկում ենք կարեւորագույն հարց, որը քաղաքական առումով կիզակետում է: Դրանից է կախված երկրի զարգացումն ու հետընթացը: ԲՀԿ-ն մանրամասն է ուսումնասիրել բյուջետային ուղերձը, առաջարկվող քաղաքականությունը: Մեր մասնագետները բավական լուրջ քննարկումներ են անցկացրել, առաջարկներ արել»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով լինել ավելի անկեղծ ու ազնիվ. «Պետք է անկեղծ խոսենք, լինենք պրագմատիկ: Մենք չենք կարող դեմ լինել մի նախագծի, որտեղ կան կետեր՝ արդյունաբերության գոտիների, ընտանեկան բիզնեսի զարգացման եւ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ: Չեմ կարծում, որ սա կարող է որոշ մարդկանց մոտ առաջացնել դժգոհություններ»,- ասաց Վ. Բաբայանը:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ առաջարկվող տարբերակը կայունության բյուջե է. «Սա կայունության բյուջե է: Եթե կարողանանք ինչ-որ բան կայունացնել՝ այս դժվարին փուլում կկարողանանք զարգացնել: Կարեւոր է, որ լինենք անկեղծ, պահանջենք մաքսիմալը: Մենք պետք է հնարավորություն տանք, որ պահանջենք: Մենք կողմ ենք հնարավորություն տալուն»,-հայտարարեց նա։
Սոսե Չանդոյան