ՀԱՊԿ-ն պատրաստ է դիմագրավել ահաբեկչական սպառնալիքը. Սլուցկի
International newsՀԱՊԿ-ն եւ Ռուսաստանի ուժային կառույցները պատրաստ են դիմագրավել ահաբեկչական սպառնալիքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ փակ ձեւաչափով անցկացված ընդլայնված նիստի արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում ´ անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք լսեցինք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի զեկույցը կազմակերպության տարածքում ահաբեկչական սպառնալիքին հակազդելու միջոցառումների վերաբերյալ… ՀԱՊԿ-ն եւ ՌԴ-ի ուժային կառույցները պատրաստ են դիմագրավելու ահաբեկչական սպառնալիքը, որպեսզի թույլ չտան հրեշավոր ահաբեկչական գործողությունների կրկնվելը»,- ասել է Սլուցկին:
Ընդսմին նա հավելել է, որ «այդ կարեւորագույն ոլորտում պետք է ուժեղացնել ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի մասնակից երկրների իրավապահ եւ ուժային կառույցների համագործակցությունը եվրոպական պետությունների հետ»:
Սլուցկին նշել է, որ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Սանկտ Պետերբուրգում իր նոյեմբերի 26-ի նստաշրջանում մտադիր է բանաձեւ ընդունել ահաբեկչական սպառնալիքին հակազդելու վերաբերյալ: