Ադրբեջանի տնտեսությունը լուրջ հետընթաց է ապրում
International news2015 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` Ադրբեջանում արտահանման ծավալը 9, նավթային եկամուտները 8,7 մլրդ դոլարով նվազել է, հարկատուների հարկային պարտքերը պետբյուջեին կազմել է 1 մլրդ 368 մլն մանաթ:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի հարկերի նախարարի առաջին տեղակալ Նաթիգ Ամիրովը:
Նրա խոսքով, բացի այդ, 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին առեւտրային գործողությունները, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 35,21 տոկոսով կամ 9,3 մլրդ դոլարով փոքր է եղել:
Հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայությանը, Marja-ն հայտնել է, որ ընթացիկ տարվա 10 ամիսներին Ադրբեջան ներկրումների ծավալը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 1,08 տոկոսով ավելացել է, իսկ արտահանումը 49,13 տոկոսով նվազել է:
Ադրբեջանում տնտեսական հետընթացը պայմանավորված է նավթի էժանացման հետ:
Մաքսային կոմիտեի տվյալներով` 2015 թվականի 10 ամիսների ընթացքում, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, չմշակված նավթի վաճառքից եկամուտը 53,4 տոկոով նվազել է:
Տնտեսագետ Մահամադ Թալըբլըն գտնում է, որ արտահաման ծավալի 9 մլրդ դոլարով նվազելը կապված է նավթից մուտքերի նվազման հետ, եւ այդ ցավալի վիճակի պատճառը ոչ նավթային ոլորտի զարգացած չլինելն է: Նա հայտնել է, որ նավթային եկամուտների կտրուկ նվազումը ստիպում է մեծացնել Նավթային հիմնադրամից պետբյուջե մուտքերը, ինչն էլ արագորեն սպառում է պահուստային ֆոնդը:
Report.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ 2015 թվականի սկզբի համեմատ, Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները 50,3 տոկոսով կամ 6923,7 մլն դոլարով կրճատվել են` նշելով, որ միայն հոկտեմբերին ԿԲ-ի արտարժույթի պահուստը 180,1 մլն դոլարով նվազել է:
Կայքը նշել է, որ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ԿԲ-ի արտարժույթի պահուստը կրճատվել է 54,5 տոկոսով կամ 8199 մլն դոլարով:
ԿԲ-ի զեկույցի համաձայն` ազգային արժույթի` մանաթի այս տարվա փետրվարի վերջին 35 տոկոսով արժեզրկումից հետո մարտ-նոյեմբեր ամիսներին արտարժույթի պահուստները կրճատվել են 37,9 տոկոսով կամ 4169,8 մլն դոլարով:
Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի տարեկան կտրվածքով պաշտոնական պահուստները կրճատվել են 53,17 տոկոսով եւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 7044,2 մլն դոլար: Միայն ընթացիկ տարվա սեպտեմբերին պահուստները կրճատվել են 3,7 տոկոսով: Տարվա սկզբի համեմատ` կրճատումը կազմել է 48,8 տոկոս:
Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստի արագորեն նվազումը պայմանավորված է նավթի համաշխարհային գների շարունակական անկման հետ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 42 դոլարով ցածր է: