Փարիզում ահաբեկչության կազմակերպման կասկածյալին սկսել են փնտրել Նիդեռլանդներում
International newsՆիդեռլանդների իրավապահ մարմինները միացել են Փարիզում ահաբեկչական գրոհների կազմակերպման կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի որոնումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNN ամերիկյան հեռուստաընկերությունը:
Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Աբդեսլամն ավելի վաղ ապրել է այդ երկրում: Իշխանությունների տվյալներով՝ նա կարող է գտնվել նաեւ Ֆրանսիայում կամ Բելգիայում:
Նոյեմբերի 17-ին Սալահ Աբդեսլամի եղբայրը՝ Մոհամեդը, խորհուրդ էր տվել նրան հանձնվել:
Մոհամեդն ինքն ապրում է Բրյուսելում, որտեղ որոշ ժամանակ գտնվել է նաեւ նրա եղբայրը:
Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ հակաահաբեկչական վեց գործողությունների ընթացքում Բրյուսելում ձերբակալվել է ինը մարդ:
Բացի այդ, Ֆրանսիայի դատախազությունը նոյեմբերի 19-ին հաստատել է ահաբեկչական գործողությունների եւս մեկ ենթադրյալ կազմակերպչի՝ Աբդելհամիդ Աբաուդի զոհվելը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: