Եվրահանձնաժողովն անհրաժեշտ է համարում ԵՄ-ի լիարժեք հետախուզական գործակալության ստեղծումը
International newsԵվրահանձնաժողովը հանդես է եկել Եվրամիության լիարժեք հետախուզական գործակալություն ստեղծելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին Բրյուսելում հայտարարել Է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
«Կարծում եմ՝ եկել Է եւս մեկ քայլառաջ անելու եւ եվրոպական հետախուզական գործակալության ստեղծման հիմքերը դնելու ժամանակը, որը խարսխված կլինի վստահության եւ արդյունավետության վրա: Ժամանակն Է, որ անդամ բոլոր երկրները դա անեն»,- լրագրողներին ասել Է Ավրամոպուլոսը ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարների արտահերթ նիստից առաջ:
Արդեն մի քանի տարի Է՝ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությանն առընթեր գոյություն ունի ԵՄ-ի հետախուզական տվյալների վերլուծության կենտրոն: Այն վերլուծում Է Եվրամիության ծառայությունների կողմից ներկայացվող տվյալները, դրանք փոխանակում մյուս անդամ երկրների հետ, բայց ինքնուրույն տեղեկատվություն հավաքելու լիազորություններ ու հնարավորություններ չունի:
Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել Է, որ նույնիսկ Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո ԵՄ-ն բախվում Է այն իրողությանը, որ երկրները չեն ցանկանում հետախուզական տվյալներ փոխանակել Եվրամիության բոլոր 28 անդամների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: