Մեծ Բրիտանիան բանակը կվերակառուցի ահաբեկչական սպառնալիքին համապատասխան
International newsԲրիտանական բանակում արագ ծավալման երկու հարվածային բրիգադ կկազմավորվի ահաբեկիչների եւ երկրի այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին գրում է The Telegraph-ը:
Բացի այդ, առաջիկա տասը տարվա ընթացքում բրիտանական բանակն իր տրամադրության տակ կունենա 178 մլրդ ֆունտի հասնող ռազմական բյուջե: Այդ փողերով պլանավորվում է գնել «Թայֆուն» մարտական ինքնաթիռներ, եւս 39 ինքնաթիռ՝ «Սթելս» համակարգով: Միջոցները կօգտագործվեն նաեւ ինը ժամանակակից սուզանավերի ձեռքբերման եւ ռազմական կիրառման «նոր սերնդի անօդաչուների» ստեղծման համար:
Հատուկ ուժերը պահելու ամենամյա ծախսերը կաճեն 2 մլրդ ֆունտով, ճշտում է թերթը:
«Օգտագործելով մեր տնտեսական հզորությունը՝ մենք այդ միջոցները կօգտագործենք ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»,- թերթում հրապարակված իր հոդվածում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Նոյեմբերի 22-ին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան 138 անտեսանելի կործանիչներ կգնի «Իսլամական պետությանը» հարվածներ հասցնելու համար: Ինչպես նշում են փորձագետները, ինքնաթիռների գնումը Մեծ Բրիտանիային ռազմական ուժով երկրորդը կդարձնի ԱՄՆ-ից հետո: