ՀՀԿ-ականները գոռացին Զարուհի Փոստանջյանի վրա
PoliticsՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի շրջանակում քննարկվում է 2015 թվականի հոկտեմբեր ամսին Բուրաբայում ստորագրված Եվրասական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության հարցի մասին միջազգային պայմանագիրը, որի հետ կապված ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը,- հայտնում է Orer.am-ը:
«Ես կցանկանայի հիշեցնել ՀՀԿ-ականների կողմից հնչեցվող այն խոսքը, որ Հայաստանն անդամակցելով ԵՏՄ-ին՝ լուծում է անվտանգության խնդիր: Այս խոսքի հետ կապված՝ կարող եմ նշել, որ այս տարի ականատես եղանք ոչ միայն արտաքին անվտանգության խնդիրներին, որոնք առկա են ու սպառնում են մեր պետականությանը, այլ նաեւ այն հարցին, որ ԵՏՄ-ն տապալում է մեր ողջ տնտեսությունը:
2016 թվականի բոլոր կանխագուշակումները հուշում են, որ համաշխարհային շուկայում գազի ու նավթի գների անկում է սպասվում, ինչը նշանակում է, որ ՌԴ-ի տնտեսությունը հսկայական վնասներ է կրելու, որովհետեւ այն հիմնանակում հիմնված է գազի ու նավթի վաճառքից ստացված եկամուտների վրա, մենք էլ ինքնաբերաբար դառնում ենք այդ անկման զոհը»,- նշեց Զ.Փոստանջյանը՝ դահլիճում գտնվողների ուշադրությունը հրավիրելով տնտեսվարող սուբեկտների կողմից վնասներ կրելու վրա:
«Այսօր ՀՀ տնտեսվարող սուբյեկտները վնասներ են կրում՝ կապված սերտիֆիկատների հետ: Սրանք մի փոքր դրվագներ են, բայց իրականում այն մեծ վնասը, որ մեզ հասցրեց անդամակցությունը, երեւալու է 2016-ին, մեր բյուջեն արդեն հսկայական ճեղքեր ունի, մեր թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալու»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը:
Խոսելով նաեւ սահմանադրական փոփոխությունների եւ քարոզարշավի մասին՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց. «Տարբեր միջոցներով ահազանգեր ենք ստացել, որ ՀՀԿ ներկայացուցիչները ճնշումներ են իրականացնում հաձնաժողովների անդամների վրա ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Որպեսզի կարողանանք այս բիրտ ուժին դիմակայել, մենք չպետք է հասնենք այդ ընտրության օրվան»,- ասաց Զ.Փոստանջյանը, ում խոսքն ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հորդորելով նախագծից խոսել:
Ընդդիմադիր պատգամավորը, շարունակելով խոսքը, կոչ արեց դեկտեմբերի 1-ին հավաքվել Ազատության հրապարակում եւ սկսել անհնազանդություններ իրականացնել: Զարուհի Փոստանջյանի խոսքից հետո ՀՀԿ-ական պատգամավորները գոռգոռացին, իսկ Շուշան Պետրոսյանը ամոթանք տվեց ընդդիմադիր պատգամավորին:
Սոսե Չանդոյան