Ինչքան էլ հայրենասիրությունից խոսենք, բիզնեսմենը բիզնես հաշվարկ է անում, ներդրում անում. Ա. Մինասյան
PoliticsԱզգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին հարցը, որի հետ կապված ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Իմ կարծիքով՝ ԱԱՀ-ից, շահութահարկից, եկամտահարկից ազատելու սխեմայի դեպքում միայն իրացումն է ազատվում, ոչ թե ձեռք բերումը: Արդյունքում ստացվում է, որ արհեստականորեն բարձրանում է ապրանքների ինքնարժեքը: Պետք է նշեմ, որ սա դեռեւս իրավիճակային լուծում է: Հույս ունեմ, որ հետագայում, երբ գործողության մեջ կդրվի հարկային նոր օրենսգիրքը, լուծումները լիարժեք կլինեն, որպեսզի չգործադրվի այնպիսի սխեմա, որն առաջին հայացքից լավն է, բայց հետո պարզվում է, որ այլ խնդիրների առաջ է կանգնեցնում»,- ասաց Ա. Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը հարցի հետ կապված հանդես եկավ առաջարկով. «Առաջարկում եմ կառավարությանը քննարկել սահմանամերձ համայնքներում բիզնես ծավալողների համար ապահովագրական համակարգ մշակելու հարցը: Աստված մի արասցե, տնտեսվարողի կառուցած գործարանը ռմբակոծության է ենթարկվում, եւ ինչքան էլ հայրենասիրությունից խոսենք, բիզնեսմենը բիզնես հաշվարկ է անում, ներդրումներ անում, եւ նա պետք է իմանա, որ վնաս կրելու դեպքում կարող է փոխհատուցում ստանալ»:
Սոսե Չանդոյան