ԱՄՆ-ը հորդորել է ակտիվացնել ԻՊ-ի դեմ կոալիցիայի գործողությունները
International news«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ռազմարշավի համակարգող Բրեթ Մաքգուրկը հորդորել է ամերիկացիների կողմից ղեկավարվող կոալիցիային՝ ակտիվացնել գործողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:
Կոալիցիայի մեջ մտնող 65 երկրների դեսպանների հետ նոյեմբերի 23-ին կայացած հանդիպմանը նա դաշնակիցներից պահանջել է «ուժեղացնել ԻՊ-ի վրա գործադրվող ճնշումը»:
«Մենք՝ որպես կոալիցիա, պետք է ավելին անենք ջանքերը կոորդինացնելու եւ ԻՊ-ի գլոբալ ցանցի վրա ճնշումն ուժեղացնելու համար»,- ընդգծել է պաշտոնյան հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը:
Միաժամանակ, ինչպես հայտնել է Պետդեպարտամենտը, նույն այդ հարցերը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 23-ին արծարծել է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: