ԵԱՏՄ-ն կսկսի ուսումնասիրել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը. Պուտին
International newsՌուսաստանը եւ Իրանը մտադիր են ուժեղացնել առեւտրական կապերի դինամիկան՝ ուշադրություն դարձնելով ապրանքային անվանացանկի դիվերսիֆիկացմանը, ավելի լայնորեն օգտագործել ազգային արժույթները փոխհաշվարկներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թեհրանում լրագրողներին հայտարարել է Վլադի միր Պուտինը:
Նա նաեւ հայտնել է, որ կողմերն ակտիվացնելու են արդյունաբերական կոոպերացումը: «Ռուսաստանը պատրաստ է այդ նպատակով պետական արտահանական վարկ հատկացնել 5 մլրդ դոլարի չափով»,- ասել է նա եւ հավելել, որ երկկողմ համագործակցության համար 35 առաջնային նախագիծ է ընտրվել էներգետիկայի, շինարարության, ծովային տերմինալների, երկաթուղիների եւ այլ բնագավառներում:
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը գործնական ոգով կսկսի ուսումնասիրել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը:
«Եվրասիական տնտեսական միությունը գործնական ոգով կսկսի Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորությունների ուսումնասիրումը»,- ասել է Պուտինը:
Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանին կօգնի վերապրոֆիլավորել միջուկային արտադրությունները՝ խաղաղ նպատակներով արտադրանք թողարկելու համար: «Մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցությունը ատոմային էներգետիկայում»,- հավելել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: