Թուրքիայում վերջին 11 ամսում տղամարդիկ 255 կին են սպանել
International newsԹուրքիայում 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում տղամարդիկ 255 կին են սպանել: Սպանվել են նաեւ նրանց մոտ եղած 16 տղամարդիկ, 5 նորածին եւ 12 երեխա, 22 կանանց սպանողները չեն հայտնաբերվել, 9 կին սպանվել է կասկածելի հանգամանքներում, 19 կին էլ ինքնասպանություն է գործել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական bianet.org կայքը, սպանված կանանցից յուրաքանչյուր 5-ից մեկը կամ 47 կին սպանվել է ամուսնուց բաժանվելու, ամուսնալուծության առաջարկը մերժելու, չամուսնալուծվելու առաջարկը մերժելու կամ տնից հեռանալու որոշում կայացնելու պատճառով:
Սպանված 23 կին ավելի վաղ իրավապահներին բողոքել են իրենց սպանած տղամարդուց:
Կանանց 53 տոկոսին (153) սպանել են կրոնական կամ պաշտոնական ամուսնական կապերի մեջ գտնվող տղամարդիկ, կամ էլ նրանց նշանածներն ու սիրեկանները: 28 կին սպանվել են իրենց նախկին ամուսնու, նշանածի, նախկին սիրեկանի կողմից: 39 կին սպանվել է հոր, ընկերոջ, եղբոր, փեսայի, փեսացուի, նախկին փեսացուի, որդու, սկեսրայրի կամ ընտանիքի այլ անդամի կողմից:
Հանցագործությունների 57 տոկոսը կատարվել է հրազենով, 27 տոկոսը` դանակով կամ այլ կտրող գործիքներով: Դրան զուգահեռ, կանայք սպանվել են նաեւ ավտոմեքենայով հարվածելու, խեղդելու, վիզը կտրելու, ծեծելու կամ հրդեհելու հետևանքոով:
Տղամարդիկ 90 կնոջ սպանել են ատրճանակով, 24-ին` հրացանով, 69-ին` դանակով կամ այլ կտրող գործիքով, 17 կնոջ խեղդել են, կտրել են 9 կնոջ կոկորդը, 6-ին սպանել են ծեծելով, 5-ին` մահակով ծեծելով, մեկին հրդեհել են, մեկին էլ ՃՏՊ-ի են ենթարկել: