ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ սատարում է իր դաշնակից Թուրքիային
International newsՆԱՏՕ-ն սատարում է իր դաշնակից Թուրքիային։ Սիրիայում ռուսական օդանավի կործանման կապակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ նիստից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգը՝ կոչ անելով պաշտոնական Անկարային և Մոսկվային մեղմել լարվածությունը։
«Դիվանգիտությունը և լարվածության թոթափումը կարևոր են իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ միջադեպի վերաբերյալ զրուցել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, իսկ Թուրքիայի դեսպանը Հյուսիսատլանտյան դաշինքին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։
«Թուրքիան տեղեկացրել է դաշնակիցներին Թուրքիայի օդային սահմանը խախտած ռուսական ռազմական ինքնաթիռի անկման մասին։ Նախկինում ես հայտնել էի իմ մտահոգությունները ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում Ռուսաստանի Դաշնության կողմից ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ։
Սա ընդգծում է ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու կարևորությունը՝ ապագայում նման միջադեպերից խուսափելու համար»,- ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ուշադիր հետևել ՆԱՏՕ-ի հարավարևելյան սահմանին տիրող զարգացումներին։