ՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր պետությունների ջանքերն ԻՊ-ի դեմ պայքարում
International newsՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր պետությունների ջանքերը «Իսլամական պետության» դեմ պայքարում։ «Մեր ընդհանուր թշնամին պետք է լինի «Իսլամական պետությունը», և բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ԻՊ-ի հայտնաբերմանը։
Կարևոր է, որ բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, առաջնորդվեն «Իսլմական պետությանը» պարտության մատնելու համընդհանուր նպատակով»,- Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ նիստին հաջորդած ճեպազրույցում նման դիրքորոշում է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ մինչ այժմ Ռուսաստանը թիրախավորել է Սիրիայի այն տարածքները, որտեղ ԻԼԻՊ-ը ներկա չի եղել, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է բոլոր ջանքերը, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ։
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,- ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ևՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի, Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին: