Թուրքիայի կառավարության կազմը նորացվել է ութ նախարարներով
International newsԹուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ձեւավորած կառավարության կազմում ութ նոր նախարարներ են նշանակվել: Կառավարության նախկին կազմից 18 նախարարներ պահպանել են իրենց պաշտոնները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ ԱԶԿ նախագահ եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նորաստեղծ 64-րդ կառավարությունում տեղ են զբաղեցրել ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի երեք անդամներ` Բեքիր Բոզդաղը (Արդարադատության նախարար), Մեւլութ Չավուշօղլուն (Արտգործնախարար), Նաջի Աղբալը (Ֆինանսների նախարար):
Թուրքիայի կառավարության նոր անդամներն են Սեմա Ռամազանօղլուն (Ընտանիքի եւ սոցիալական քաղաքականությունների նախարար), Սուլեյման Սոյլուն (Աշխատանքի եւ սոցիալական անվտանգության նախարար), Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըն (Շրջակայքի եւ քաղաքաշինության նախարար), Մուստաֆա Էլիթաշը (Էկոնոմիկայի նախարար), Բերաթ Աքբայրաքը (Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար), Բյուլենթ Թյուֆենքչին (Մաքսային եւ առեւտրի նախարար), Մահիր Ունալը (Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար) եւ Նաջի Աղբալը (Ֆինանսների նախարար):
Թուրքիայի վարչապետի տեղակալների թիվը մեկով ավելացել է: Նոր կառավարությունում փոխվարչապետի պաշտոնները պահպանել են Յալչըն Աքդողանը, Նուման Քուրթուլմուշը եւ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշը: Ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիմշեքը եւ տրանսպորտի, ծովագնացության եւ տեղեկատվության նախարար Լյութֆի Էլվանը նշանակվել են փոխվարչապետների պաշտոններում: Թուրքիայի 64-րդ կառավարությունը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, կազմված է 27 անդամներից: